Կանոնակարգեր
Հետազոտություններ
Գրադարան
Կաբինետներ
Վարժարան
Դիմորդ
Ուսանող
Շրջանավարտ
Կրթ. կենտրոններ
Արտաքին կապեր
Մեր հասցեն
ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36
Հեռախոս
(+374322)41853
Էլ. փոստ
info@vspi.am

Հարցազրույց պրոռեկտոր Ս. Թումանյանի հետ ՀՀ կառավարության կողմից հաստատվել է ՀՀ պետական բուհերի ընդունելության 2010 թ. ցանկը: Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի այս ուստարվա ընդունելության ցանկում տեղ գտած փոփոխությունները մանրամասնում է բուհի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Սուսաննա Թումանյանը:

Տիկին Թումանյան, փաստորեն այս տարի ՎՊՄԻ-ն ընդունելություն չի հայտարարել

"Ֆիզիկա", "Աշխարհագրություն", "Լրագրություն" մասնագիտություններով:

-  Այո: Ընդհանրապես ամեն տարի մենք ճիշտ նույն մասնագիտությունները նույն քանակով չենք հայտագրում. դա կախված է շուկայի պահանջարկից, նաև դիմորդների քանակից: "Ֆիզիկա", "Աշխարհագրություն", "Լրագրություն" մասնագիտություններով ընդունելություն չհայտարարելու հիմնական պատճառը 2009 թ. ընդունելությունն էր, որը որոշ մասնագիտությունների գծով բերեց խիստ թերլրում: Իսկ դա ուսումնական գործընթացի կազմակերպման դժվարություններ է առաջացնում: Ասեմ, որ այս մասնագիտություններով ընդունելություն չի կատարվի միայն 2010 թ.: Հաջորդ ուսումնական տարիներին դրանք անպայման տեղ կգտնեն մեր ցանկում: Բայց ներկա բացը կարող են լրացնել մասնագիտացումները: Մեր ուսանողներին 3-րդ, 4-րդ կուրսերում հնարավորություն է տրվում հիմնական մասնագիտությանը զուգահեռ' ձեռք բերել լրացուցիչ մասնագիտացում: Օրինակ` ապագա բանասերները կարող են ուսումնասիրել լրագրություն, մաթեմատիկները` ֆիզիկա և այլն: Վերջում ուսանողներին կտրվի համապատասխան փաստաթուղթ:  Ընդհանուր առմամբ` այս տարի ՎՊՄԻ-ն ընդունելություն կկատարի 21 մասնագիտությունների գծով' "Մաթեմատիկա", 'Կիրառական մաթեմատիկա  և ֆիզիկա", "Կենսաբանություն", "Էկոլոգիական քիմիա /Բնապահպանություն և բնօգտագործում/", "Դեղագործական քիմիա", "Պատմություն", "Իրավագիտություն", "Հայոց լեզու և գրականություն", "Անգլերեն լեզու և գրականություն", "Թարգմանչական գործ /անգլերեն, հայերեն/", "Ռուսաց լեզու և գրականություն", "Ինֆորմատիկա", "Ֆիզիկական կուլտուրա և սպորտ", "Տեխնոլոգիա և ձեռնարկչություն", "Երաժշտական կրթություն", "Կերպարվեստ և գծագրություն", "Մանկավարժություն և հոգեբանություն", "Մանկավարժություն և մեթոդիկա /տարրական կրթություն/", "Սոցիալական մանկավարժություն", "Սոցիալ-մշակութային գործունեություն /կառավարում' մենեջմենթ/", "Կառավարում":

- Ինչո՞վ է պայմանավորված "Բնապահպանություն և բնօգտագործում" մասնագիտության փոփոխությունը:

- Մենք հայտ ենք ներկայացրել "Բնապահպանություն և բնօգտագործում" մասնագիտության համար, բայց նախարարությունը որոշակի փոփոխություն էր կատարել և առաջարկել հայտագրել "Էկոլոգիական քիմիա", որովհետև մեր ձեռք բերած լիցենզիան հավասարեցված էր այդ մասնագիտությանը: Այդ իսկ պատճառով փակագծում գրված է բնապահպանություն և բնօգտագործում: Ասեմ, որ այս մասնագիտությունը բավականին տարբեր է "Դեղագործական քիմիայից", նույնիսկ որակավորումն է տարբեր:

- Մանկավարժական ինստիտուտը ընդունելություն է կատարում նաև որոշ ոչ մանկավարժական մասնագիտությունների գծով

- 21 մասնագիտություններից 15-ը ավանդական մանկավարժական են, 6-ը` ոչ մանկավարժական: "Կիրառական մաթեմատիկա  և ֆիզիկա", "Էկոլոգիական քիմիա /Բնապահպանություն և բնօգտագործում/", "Դեղագործական քիմիա", "Թարգմանչական գործ /անգլերեն, հայերեն/", "Սոցիալ-մշակութային գործունեություն /կառավարում մենեջմենթ/", "Կառավարում" մասնագիտությունների շրջանավարտները մանկավարժի որակավորում չեն ստանալու: "Կառավարման" շրջանավարտները կստանան կառավարման բակալավրի աստիճան, "Թարգմանչական գործի" շրջանավարտները` բանասերի, լեզվաբանի որակավորում և այլն: Իհարկե, մենք շատ լավ հասկանում ենք, որ առաջին հերթին մեր առաքելությունը կրթական դաշտը անընդհատ բարեփոխումների ճանապարհով լավացնելն է և տարածաշրջանին մասնագետ տալը: Բայց դրա կողքին ունենք սոցիալական բավականին վատ վիճակում գտնվող ընտանիքնե, որոնց զավակները, ցանկանալով ստանալ ոչ մանկավարժական կրթություն, կանգնում են բարդ խնդրի առաջ. կա°մ ստիպված պետք է գան դեպի մանկավարժական մասնագիտություններ, կա°մ պիտի կրթություն չստանան: Մենք հնարավորություն ենք տալիս այդպիսի երեխաներին ձեռք բերելու որոշակի ոչ մանկավարժական մասնագիտություններ, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանին: Եվ կարող եմ ասել, որ այդ նոր մասնագիտությունների համար դասավանդող անձնակազմի որակն անընդհատ բարձրանալու է, հարկ եղած դեպքում, ինչպես այս տարի, մասնագետներ են հրավիրվելու մայրաքաղաքից: Եվ հուսով եմ, որ այդ բոլոր մասնագիտությունները իրենց փորձաշրջանը կանցնեն և անպայման  քննություն կբռնեն: Պրոֆեսորադասախոսական անձնակազմն այդ մասին հոգում է:

- Առաջին անգամ ՎՊՄԻ-ի քննացանկում այս տարի տեղ են գտել 2 աստղանիշով քննություններ, այսինքն` դրանք փոխանցվում են ատեստատից:

- Սա ավելի մատչելի դաշտ է ստեղծում դիմորդների համար: "Մաթեմատիկա", "Կենսաբանություն", "Էկոլոգիական քիմիա", "Դեղագործական քիմիա", "Ինֆորմատիկա", "Տեխնոլոգիա և ձեռնարկչություն" բաժիններում 2-րդ քննության գնահատականը դիմորդները կարող են փոխանցել ատեստատից: "Մաթեմատիկա" բաժնում դիմորդը իր հասունության վկայականից կարող է բերել ֆիզիկա առարկայի գնահատականը, "Կենսաբանության" դիմորդները` քիմիա կամ ֆիզիկա առարկաներինը, "Էկոլոգիական քիմիա" բաժնում փոխանցվում է ֆիզիկայի գնահատականը, "Դեղագործական քիմիայի" համար` կենսաբանությունը կամ ֆիզիկան, "Ինֆորմատիկայի" համար` ֆիզիկայի թվանշանը, "Տեխնոլոգիա և ձեռնարկչություն" մասնագիտության համար` ֆիզիկա  առարկայինը: Ասեմ, որ այս վերջին մասնագիտության համար մեկ փոփոխություն ևս կա. նախորդ տարիներին դիմորդները քննություն էին հանձնում մաթեմատիկայից և հայոց լեզվից, իսկ հիմա հայոց լեզուն դարձյալ վկայականի գնահատականն է փոխանցվում և մրցութային չէ, իսկ մրցութային է դարձել ֆիզիկա առարկայի վկայականի գնահատկանը: Բայց նշեմ, որ վերը նշված փոփոխությունները կատարվում են միայն վճարովի համակարգի ընդունելության համար: Իսկ անվճար համակարգի մրցույթին մասնակցելու համար պայքարող դիմորդները պարտավոր են "Մաթեմատիկա", "Կենսաբանություն", "Էկոլոգիական քիմիա", "Դեղագործական քիմիա", "Ինֆորմատիկա", "Տեխնոլոգիա և ձեռնարկչություն" մասնագիտությունների համար նշված 2-րդ քննությունները հանձնել միասնական կարգով: Ուզում եմ նշել, որ վճարովի համակարգ ընդունվելը չի նշանակում, թե դիմորդների առջև անվճար համակարգում սովորելու դռները փակվում են: Ուսումնառության ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերող ուսանողը հաջորդ կուրսերում փոխատեղման գործընթացի արդյունքում  կարող է անվճար սովորելու իրավունք ձեռք բերել: Այսինքն` այս քննությունները 4 տարվա համար չեն, դրանք ընդունելության, այսպես ասած, մուտքի համար են, որից հետո լավ սովորող ուսանողը ինստիտուտում կարող է պայքարել անվճար սովորելու համար:

"Ֆիզիկական կուլտուրա և սպորտ" մասնագիտության քննացանկում ևս փոփոխություն կա:  Նախորդ տարվա մասնագիտություն առարկայի փոխարեն այս տարի դիմորդների գիտելիքները կստուգվեն մարդակազմաբանությունից և ֆիզիոլոգիայից, որը կենսաբանություն առարկայի մի մասն է միայն: Ընդ որում` այս քննությունը միասնական չէ, այլ ներբուհական, այսինքն` քննությունը դիմորդները կհանձնեն բուհում:

 

Հարցազրույցը`  Տաթև Աշուղաթոյանի

 

Շաբաթվա իրադարձություններ
Քառասնամյա բուհը ճանապարհեց առաջին մագիստրոսներին
 
Շուրջ 1500 բակալավր հրաժեշտ է տալիս բուհին
 
Հայտարարություններ

Վանաձորի Հովհ. Թումանյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտը հայտարարում է մագիստրատուրայի առկա ուսուցմամբ 2010-2011 ուս. տարվա ընդունելություն ` պետպատվերով, ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) բանակից տարկետման իրավունքով և առանց բանակից տարկետման իրավունքի տրամադրված տեղերի համար

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը ծրագրում է անցկացնել հանրապետական գիտաժողով` նվիրված հայ մեծանուն գրող և մանկավարժ Ղազարոս Աղայանի ծննդյան 170-ամյակին

Բոլոր հայտարարությունները

Գովազդ