|
Մայիսի 27-ին հուզառատ ու բանաստեղծառատ էր Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի դահլիճը. հանրապետության տարբեր ծայրերից եկած բուհի շրջանավարտներն իրար աչքալույս էին տալիս` վերջապես լույս է տեսել “Գրական ՎՊՄԻ” ժողովածուն: Գիրքը, որ հրատարակվել է բուհի 40-ամյակի առթիվ, ամփոփում է ՎՊՄԻ տարբեր տարիների շնորհալի ու տաղանդավոր սաների ստեղծագործությունները: Մտահղացումը ռեկտոր Գուրգեն Խաչատրյանինն է: “Այս յուրօրինակ տարեգրքի մեջ մեր բուհի 40-ամյա պատմությունն սկսվում է բոլորովին այլ` չափածոյի և արձակի ակունքներից,- ժողովածուի առաջաբանում` “Երկու խոսքում” գրում է Գ. Խաչատրյանը:- Խորհրդանշական է, որ այս աննախադեպ տարեգրությունն սկիզբ է առնում մեր բուհի առաջին շրջանավարտներից մեկի` Հրաչյա Սարուխանի պոեզիայից, և փառք Աստծուն, որ այն շարունակվում է մինչև մերօրյա ուսանողների գրական պրպտումները: Գտնում եմ, որ “Գրական ՎՊՄԻ” ժողովածուն մի խոսուն արձանագրություն է, որը լավագույնս վկայում է հանրապետության գրական մթնոլորտի ձևավորման գործընթացում մեր ինստիտուտի սաների դերակատարության մասին”: Իսկ ահա շնորհանդեսին ռեկտորը շնորհակալություն հայտնեց խմբագրակազմին, որ ամենայն նախանձախնդրությամբ կյանքի է կոչել մտահղացումը, և, իհարկե, հեղինակներին, առանց որոնց չէր ծնվի այս գիրքը: Իսկ հեղինակները 37-ն են: Նրանք ապրում են աշխարհի տարբեր ծագերում` Իսպանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հայաստանի տարբեր անկյուններում` Սոթքում, Բյուրավանում, Ճոճկանում, Գոգարանում և այլուր: “Կարոտել եմ այս պատերին, այս քաղաքին, իմ սիրելի դեկանին,- Բյուրավանում մայրենի դասավանդող Նաթելա Մարտիրոսյանը երևի շատերի սրտից ջուր խմեց,- որտեղ էլ եղել եմ, հպարտացել եմ, որ այս բուհն եմ ավարտել, աշխատել եմ անունը բարձր պահել: Թող այսպիսի գրքեր լույս տեսնեն նաև 50-ամյակի կապակցությամբ”: “Նախաձեռնությունը շարունակություն կունենա”,- վստահեցրեց Գ. Խաչատրյանը: Հեղինակներից մի մասը “բանաստեղծության ներսում ապրում են այս էլ քանի՜ դար”, ինչպես օրինակ Վեներա Վարդումյանը, իսկ ահա Ալբերտ Պողոսյանի համար սա առաջին փորձն էր. “Ես ինձ երբեք ստեղծագործող չեմ համարել, չեմ էլ փորձել”: Շատերին անծանոթ չէր անուն ազգանունը տպագիր էջում կարդալուց առաջացած սրտի թրթռոցը, բայց շատերի համար էլ այս գիրքը անդրանիկ “զավակն” էր: “Շնորհակալություն, որ երիտասարդներիս ինքնադրսևորվելու հնարավորություն եք ընձեռում: Կարծում եմ` մեզնից ոչ մեկը դեռ նման նվեր չէր ստացել”, - ասաց Մանուշակ Քոչարյանը: Ու որպես շնորհակալություն` երիտասարդ ստեղծագործողները կարդացին իերնց գործերից: Ավագ ու կրտսեր ընկերների գործերից կարդացին նաև գրականության ամբիոնի դասախոսները, բայց ոչ ի պաշտոնե` այլ որպես երիտասարդ դասախոս ու բանստեղծուհի Հերմինե Բաբուռյանի գրական խմբակի անդամներ:
|